«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնին ընդառաջ կազմակերպվել էր հերթական մամլո ասուլիսը` Հայաստանում գործող միջազգային դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Բանախոսներն էին փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անրի Ռենոն, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը, Լեհաստանի Հանրապետության դեսպանության առաջին խորհրդական Ռոբերտ Ռոկիցկին, ԱՄՆ-ի դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի գործող ղեկավար Վիոլետա Տալանդիսը:
Բանախոսներն իրենց խոսքում կարևորեցին «Ոսկե ծիրանի»` որպես Հայաստանի Հանրապետության մշակութային կյանքի կարևորագույն բաղադրիչի գոյության փաստը և ներկայացրին իրենց երկրների առնչությունն այս տարվա փառատոնային անցուդարձին: Ըստ նրանց` փառատոնը ոչ միայն ձևավորել ու ամրապնդում է իրենց երկրների և Հայաստանի Հանրապետության միջև մշակութային կապեր, այլև նպաստում է միջպետական որոշ խնդիրների կարգավորման բարեհաջող ընթացքին:
«Երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնը ոչ միայն կարևոր է Երևանի համար, այլև մեծ իրադարձություն է ողջ տարածաշրջանում ու նույնիսկ տարածաշրջանից դուրս: Վստահաբար կարող ենք ասել, որ հենց այս փառատոնի շնորհիվ Հայաստանը մեծ հեղինակություն է ձեռք բերել աշխարհում: Եվ սրանում կարևոր դեր ունեն փառատոնի կազմակերպիչները, ովքեր շրջում են աշխարհի լավագույն փառատոներում, հաստատում լուրջ կապեր և դրա շնորհիվ կարողանում այսպիսի հաջողությամբ կազմակերպել «Ոսկե ծիրան» կինոփառատոնը»,- նկատեց Ռայներ Մորելը: Նա թվարկեց գերմանական այն ֆիլմերը, որոնք ընդգրկված են 11-րդ «Ոսկե ծիրանի» ծրագրում (Էդվարդ Բերգեր` «Զենքը», Ֆեո Ալադագի` «Աշխարհների միջև», Դիտրիխ Բրուգման` «Խաչի ճանապարհ», Յակոբ Լաս` «Սիրո բիֆշտեքսներ»):
Անրի Ռենոն խոսեց «Ոսկե ծիրանի» շրջանակներում հայ-ֆրանսիական փոխշփումների մասին, հայտնեց իրենց պատրաստակամությունը օժանդակելու փառատոնին կազմակերպական և մասնագիտական հարցերում: Նա հիշատակեց նշանավոր ֆրանսահայերի և ֆրանսիացիների անունները (Շառլ Ազնավուր, Ֆանի Արդան, Ռոբեր Գետիկյան, Անրի Վեռնոյ, Սերժ Ավետիքյան, այլք), որոնց անմիջական մասնակցությունը կամ կինոստեղծագործությունների ներգրավումը փառատոնի ծրագրերում ապահովելու հարցում Ֆրանսիայի դեսպանատունն ունեցել է իր ներդրումը: Այս տարի ևս Ֆրանսիան կունենա իր ակտիվ մասնակցությունը փառատոնի աշխատանքներին: Ի մասնավորի, Երևանում կհյուրընկալվեն դերասանուհի Աննա Մուգլալիսը, կինոքննադատ Ժան-Քրիստոֆ Ֆերարին, պրոդյուսեր Ռոն Դեյնը, այլք:
«Ոսկե ծիրանը» կփակվի Կաննի փառատոնի մրցանակակիր Ժան Լյուք Գոդարի «Adieu au Langage» ֆիլմով:
Հուլիսի 14-ը Ֆրանսիայի ազգային տոնի օրն է: Այն այս տարի կնշվի փառատոնի օրերին, և, Անրի Ռենոյի հավաստիացմամբ, այդ համընկնումը կունենա կոնկրետ դրսևորում փառատոնի ընթացքի վրա:
Ռոբերտ Ռոկիցկին խոսեց կինոփառատոնին լեհական մասնակցության մասին, ներկայացրեց այս տարվա լեհական նոր ծրագիրը, որ կոչվում է «Սոցիալական փոփոխությունների կինո»: Այս ծրագրի շրջանակներում Երևան կժամանեն և կինոքննարկումներ ու մասնագիտական զրույցներ կվարեն Լեհաստանում հայտնի հակախորհրդային գործիչ Ադամ Միխնիկը և Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն Ռիչարդ Պենյան: Նշենք, որ այս կինոծրագրի մասին մեր ընթերցողը մանրամասներ կարող է իմանալ մեր թերթի «…և ոչ միայն մշակույթի մասին» խորագրի ներքո տպագրվելիք հարցազրույցից, որի շրջանակներում մենք հյուրընկալել ենք Սուսաննա Հարությունյանին:
Լեհ աշխարհահռչակ ռեժիսոր, «Ոսկե ծիրանի» երկարամյա բարեկամ Քշիշտոֆ Զանուսին այս տարի կարժանանա կինոփառատոնի շրջանակներում վերջին տարիներին ընդգրկված նշանակալից «Եղիցի լույս» մրցանակին: Այն 75-ամյա ռեժիսորին կհանձնվի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ: Փառատոնի օրերին հայ կինոսերները հնարավորություն կունենան դիտելու Զանուսիի «Հաստատուն գործոն» ֆիլմը, որն արգելված էր Խորհրդային Միությունում, և որը 1980 թվականին Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու»:
«Փառատոնը շատ ավելին է, քան պարզապես արվեստի իրադարձությունը, շատ ավելին է, քան կինոն: Այն ունի քաղաքական, սոցիալական բովանդակություն` լավ իմաստով»,- եզրափակեց Լեհաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը:
Վիոլետա Տալանդիսը ամենահամառոտն էր իր ասելիքում: Նա անդրադարձավ իրենց կողմից ֆինանսավորվող «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ» նախագծին, խոսեց այդ շրջանակներում սպասվող կինոիրադարձությունների և հյուրերի մասին, բարի երթ մաղթեց 11-րդ «Ոսկե ծիրանին»:
Նշենք, որ այս նախագծին ներկայացված լավագույն աշխատանքը կարժանանա 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևի:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ